VISITING YEREVAN (in Armenian language)

Երբ երեք-չորս տարի առաջ այցելել էինք Վրաստան, մտածեցինք. «Եկել հասել ենք այստեղ, ի՞նչու Հայաստան էլ չգնանք»: Քանի որ ժամանակը սուղ էր, ընդամենը երկու օր մնացինք Երևանում, քաղաքը շատ հավանեցինք և ինքներս մեզ խոստացանք կրկնել այցելությունը:

Վերջերս տեղեկացա, որ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հայտարարվել է ֆինանսավորում Հայաստան այցելելու համար, և անմիջապես դիմեցի այդ ծրագրին:  Քանի որ մեքենայով միայն Վրաստանի ու Իրանի տարածքով, այն էլ հազար ու մի դժվարությամբ է հնարավոր հասնել Հայաստան, ուղիղ թռիչքի գինը 400-500 եվրո է այն դեպքում, երբ համարյա նույն հեռավորության վրա գտնվող Թիֆլիս հասնելը հնգակի անգամ մատչելի է:

Քանի որ նախորդ անգամ ճանապարհորդության ժամանակ Երևանին անչափ մոտ գտնվող Կարս հասնելու համար 4 մեքենա եմ փոխել, երկու սահման հատել, և ընդհանուր առմամբ ութ ժամ երթևեկել, շատ ուրախացա, որ այս անգամ ֆինանսավորմամբ եմ գնացել և ճանապարհային հոգսերը ֆոնդն էր հոգում:

Ի վերջո հասա օդանավակայան: Չգիտեմ, գուցե պատճառն այն էր, որ թռիչքներն այդ օրը քիչ էին, բայց սովորաբար մարդաշատ և խիտ օրակարգով գործող Աթաթուրքի անվան օդանավակայանում ուշացումներ չեղան: Սակայն ես վաղ էի սկսել ուրախանալ, քանի որ մեզ ինքնաթիռին հասցնող ավտոբուսին մոտեցան օդանավակայանի աշխատակիցներ և պահանջեցին, որպեսզի ազատենք ավտոբուսի սրահը: Ես շատ եմ ճանապարհորդում, սակայն նման իրավիճակում առաջին անգամ էի հայտնվել: Իմ հարցին, թե ինչն է խնդիրը, աշխատակիցներն ասացին, որ Երևանում անբարենպաստ եղանակային պայմաններ են:  Եղենակը տասը րոպեում չէր կարող փոխվել, սակայն հենց որ անցանք սպասասրահ, մեկ այլ իրազեկում եկավ, որ կարող ենք վերադաձնալ ավտոբուս: Աշխատակիցներին հարցրեցի, թե արդյոք նախկինում նման իրողություն եղել էր, պատասխանը բացասական էր: Ես պարանոիկ չեմ, սակայն այս իրադարձության մեջ քաղաքականության տարրեր եմ տեսնում:

 

***

Երևանի օդանավակայանում հերթ եմ կանգնում, որպեսզի փաստաթղթերս ստուգեն: Ինչպես պատահել էր այլ  նախկին սովետական պետություններում, սահմանային ոստիկանը սկսում է անձնագիրս զննել, կարծում եմ այն պատճառով, որ այնտեղ բազմաթիվ կնիքներ կան: Մոտ հինգ րոպե նյարդերս չափելուց հետո հարցնում է` արդյո՞ք անգլերեն գիտեմ, գլխով եմ անում: Անձնագրիս նկարը ցույց տալով, ասում է «Այս նկարին նման չեք»: «Էհ, ամենաքիչը չեք սխալվում,-աում էմ,-մյուս փաստաթղթերում մորուքով եմ, այնտեղ նայեք», դրանք բացելով ասում է «Այստեղ էլ նման չեք»: Եվ կրկին անգամ չի սխալվում, ասում եմ. «Այն, որ համակրելի և ֆոտոգենիկ արտաքին չունեմ հո՞ իմ մեղքը չէ», ծիծաղում է և կնիք դնում փասատաթղթերիի վրա: Ազնիվ խոսք, կյանքիս կեսը գնաց սահմաններին վիճաբանելով: ինչևէ, այս անգամ լավ ստացվեց:

Օդանավակայանից դուրս գալուն պես տաքսիստները շուրջս են հավաքվում, սակայն իմ աչքերը արդեն երկար ժամանակ Հայաստանում ապրող իմ ընկեր Այքանի ուղարկած մարդուն են փնտրում: Տեսնես ի՞նչ է եղել, որ այդ մարդը չի եկել: Զանգում եմ Այքանին, ասում է  «Խեղճի մեքենայի մարտկոցը նստել է, քեզ տաքսի վերցրու»: Մի քիչ սակարկելուց հետո վարորդներից մեկի հետ համաձայնության ենք գալիս:  Ճանապարհը խոսքուզրույցով անցավ, սակայն տուն հասնելիս բանը փոխվում է: Տան շքեղ տեսքը տեսնելով` վարորդը սկսում է ավելի շատ գումար պահանջել: Նախկին սովետական երկրներում ամենանյարդայնացնող բաներից է սա. մի գնով պայմանավորվում ես, հետո աշխատում են գինը բարձրացնել: Ի վերջո ձեռքը մի քանի դրամ դնելով գնում եմ:  Պարոնն այնքան էլ գոհ չէր, բայց այ անխիղճ, քսան րոպե տևած ճանապարհի համար պարկով փող ես ուզում:

***

Հաջորդ օրը դուրս եկա քաղաքում զբոսնելու: Երևանը ուրարտական ժամանակաշրջանում կառուցված քաղաք է: Միայն թե նախկին տեսքը կորցրել էր և սովետական շրջանում Ալեքսանդր Թամանյանի ջանքերով ժամանակակից քաղաք է դարձել: Ժամանակին ուրարտական ամրոցի անունը Էրեբունի էր, «վանն» էլ հայերենում քաղաք (ավան) նշանակությունն ունի:

Հայերի նախահայրերից ուրարտացիները մեր «Աղրը» կոչած լեռանը Արարատ անունն են տվել: Քանի որ ընդունված է կարծել, որ Ր-Ր-Տ տառերի հերթականությունն իմաստավորելով Ուրարտու կամ Արարատ կարող ենք կարդալ: Հայերենում այս լեռը հայտնի է նաև Մասիս անունով, իսկ ամենամեծ առանձնահատկությունն այն է, որ Երևանի կողմից նայելիս առավել ազդեցիկ տեսք ունի և հայերն այս լեռան հետ կապված  չափազանց մեծ հոգևոր և միստիկական կապ ունեն:

Երևանը այնպիսի մի քաղաք է, որտեղ յուրաքանչյուր քայլին արվեստ է զգացվում: Քաղաքի փողոցները լի են զարդանկարներով, ամեն պահ անցորդի դիմաց կարող են հրաշալի արձաններ հայտնվել: Եթե ցանկանում եք քանդակներով լի մի վայր գնալ, անպայման Կասկադ այցելեք:

Անցյալ անգամ երբ եկել էի Հայաստան, մի ընթրիքի ժամանակ ծանոթացել էի Ալեքսանդրի հետ, ում հետ երկար ժամանակ է լավ հարաբերություններ եմ պահպանում: Նա ինձ ճաշի հրավիրեց. Այցելեցինք տիպիկ հայկական մի ռեստորան` գինի, պանիր, լավաշ համտեսեցինք և հայկական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ ակտիվ զրուցելով հիմնական ճաշին անցանք:

Ինչպես գիտեք, կամ ավելի հավանական է, որ ենթադրում եք` օսմանյան պալատական խոհանոցի և այժմյան մեր ուտելիքների ծագման մեջ մեծ է պալատում ծառայող հայ խոհարարների վաստակը: Անհերքելի են հայ վարպետների կողմից մեր խոհանոցային մշակույթ ներմուծած տարրերը, որոնք հատկապես նկատելի են Այնթափի, կամ ինչպես այժմ ասում ենք Անթեփի խոհանոցում:

Սելջուկները ճարտարապետությունը և քաղաքաշինությունը նույնպես ի սկզբանե հայերից են սովորել, և այս ավանդույթը հետագայում փոխանցել օսմանցիներին (Հանրապետության հռչակումից հետո մեր քաղաքաշինությունը և ճարտարապետության հետընթացի մասին մտածեք): Յուրաքանչյուր սելջուկյան գմբեթի նայելիս, կարող եք իսկույն նկատել նմանությունը հայկական եկեղեցու հետ: Ըստ էության ճարտարապետական տերմինների մեծ մասը նույնպես հայերեն արմատներ ունեն: Իսկ մեր պատմության մեջ սելջուկների թեմայով շատ չխոսելը արդյոք չե՞ք կապում հայերի հետ ունեցած լարված հարաբերություններով:

Գիտենք, որ Անատոլիայի դռները թուրքերի համար Մանազկերտի ճակատամարտից հետո չեն բացվել: Ճիշտ այնպես, ինչպես հույները Անատոլիա մտնելուց առաջ արևմուտքում ամենահզոր ամրոցը՝ Տրոյան պետք է նվաճեին, այնպես էլ թուրքերը Հայկական թագավորության մայրաքաղաք Անիին 1064 թվականին տիրանալով` դեմ հանդիման դուրս եկան Բյուզանդական Կայսրության հետ:

Կարսի շրջանում գտնվող Անի հնամենի քաղաքում հայկական, բյուզանդական և սելջուկյան կառույցների շարքում նաև զրադաշտական տաճար կա, նաև Անիում է գտնվում թուրքերի կողմից մզկիթի վերածված առաջին կառույցը:

Այս ամենով հանդերձ Լոզանի կոնֆերանսում Թուրքիայի ներկայացուցիչ ազգայնամոլ թուրքիստ Ռըզա Նուրը, արևելյան ճակատի հրամանատար Քազիմ Քարաբեքիրին ուղարկած 1921 թվականի մայիսի 25-ի նամակում գրում է. «Եթե հաջողվի Անի քաղաքի հետքերը վերացնել, Թուրքիային մեծ ծառայություն կմատուցվի»: Կարաբեքիրն իր հուշերում նշում է, որ այս առաջարկը մերժել է, քանի որ Անիի մնացորդները Ստամբուլի պարիսպների չափ ընթարձակ տարածք են գրավում և նման գործը հաջողացնելը դժվար է, համ էլ նման նախաձեռնությունից հայերի մոտ անհանսգտություններ կսկսվեին:

Սակայն հետագայում, ինչպես ոչ-մահմեդականների կողմից կառուցված այլ եկեղեցիները և վանքերը, Անին նույնպես լքվում է` մատնվելով մոռացության և ոչնչացվելով: Համաձայն 1914 թվականի փաստաթղթերի՝ Օսմանյան երկրում հայ համայնքին պատկանող 2538 եկեղեցի, 451 վանք և երկու հազար դպրոց կար: Իսկ 1974 թվականի UNESCO-ի զեկուցման տվյալները ցույց են տալիս, որ ընդամենը 913 եկեղեցի և վանք է մնացել: 1974 թվականից հետո էլ սրանցից 464-ը հիմնովին ոչնչացվել են, 252-ը մատնվել են ավերածության, իսկ 197-ն էլ լուրջ վերանորոգման կարիք ունեն: Հիշեցնեմ, որ 1924 թվականին թուրքական հանրապետության կողմից ստորագրված Լոզանի պայմանագրի 42րդ կետի համաձայն «Թուրքական ղեկավարությունը երաշխավորում է իր ամբողջական պաշտանության տակ առնել պետության տարածքում գտնվող եկեղեցիները, սինագոգերը, գերեզմանատները և այլ կրոնական կառույցները»: [2]

Վերադառնալով սելջուկներին՝մեկ այլ երևանցի ընկերս՝ Տիգրանը, ով հնագետ է, ինձ պատմեց, որ երբ հայերը առաջին անգամ տեսան թյուրքերին, հանկարծակիի են եկել և հնարավոր է, այսպես կորցրել են իրենց առավելությունները: Սա, ըստ Հալիքարնաս Բալըքչըի` նման է այն զարմանքին, որն ապրել են հույները՝ տեսնելով ամազոնուհիներին:  Այն ժամանակ երակարամազ թյուրքերը, նետ արձակելիս ճչում էին, հայերն էլ չէին հասկանում առջևում տղամարդիկ են, թե կանայք ու խուճապի էին մատնվում:

Այսպիսով քրիստոնեությանը ծանոթացած սելջուկները, մեր լեզու են փոխառել հայերեն խաչ և այլ նման բառեր: (Քանի որ հայերը «Իստավրոս» չեն ասում, պարզ է դառնում, որայս բառը հունարենից ենք փոխառել): Հայերն էլ այն ժամանակներում դեռևս շամանիզմին հետևող թուրքերից աչքահուլունքների և այլ նման ավանդույթներ են փոխառել:

Միայն չկարողացա հասկանալ, թե հայերն ինչու են միմյանց բարեկամաբար ջան ասելով դիմում, արդյոք սա պարսերենից թե թուրքերենից է եկել: («Ջան» բառը պարսկական արմատ ունի և միջին անատոլիական ալևիներին նույնպես հատուկ է այս դիմելաձևը, սակայն հնարավոր է որ այլ ծագում էլ ունենա):

***

Երևանյան այցելության մի օր էլ Հրանտ Դինք հիմնադրամի աշխատակիցներից մեկի հետ հանդիպելու համար Օպերայի շենքի [3] ճանապարհը բռնեցի: Այնտեղ իմ նման դրամաշնորհ շահած ևս մեկը կար: Ինձ պատմեց, որ զարմացած է, քանի որ գնացել էր Ցեղասպանության թանգարան, և պարզվել էր, որն մինչև ապրիլի 24-ը փակ է լինելու: Ես էլ պատասխանեցի, որ Բեռլինի Պերգամյան թանգարանի մի մասը սկսել էին վերանորոգել և հինգ տարի փակ էր մնացել, Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարանը ևս մասամբ երեք տարի փակ է մնացել:

Մեր երկրի բնակիչները, լինեն իսլամիստ թե քեմալիստ, արտասահմանում գտնվելիս որոշ դեպքերում նախապաշարմունքային մոտեցումներ են ցուցաբերում:

Ինչևէ, ես նախորդ ճամփորդության ժամանակ այցելել էի Ցեղասպանության թանգարան:

Մյուս երկու թանգարանները, որոնք ինձ վրա մեծ տպավորություն գործեցին Հնեաբանության և Արվեստի թանգարաններն էին, սակայն ինձ ուղղակի հիացրեց Մատենադարանը: Այստեղ հայկական այբուբենը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ժամանակներին հասնող հունական, լատինական, արաբերեն, պարսկերեն, ամհարերեն և թյուրքական հազարավոր ձեռագրեր և քարտեզներ կան: Շատ ափսոս, որ դրանք չի թույլատրվում լուսանկարել:

Քաղաքի թանգարաններով մեկից մյուսը շրջելիս տարիներ առաջ տեսած “Кавказская пленница, или новые приключения Шурика” [4] ֆիլմի հերոսների արձաններով մի ռեստորան տեսա, կանգնեցի և ուշադիր զննում էի: Ռեստորանի ներսում էլ ֆիլմի դրվագներով պատկերներ կային: Սովետական այս ֆիլմում խառը էթնո-մշակութային տարրեր համատեղվելով` շատ գեղեցիկ կիրառում են ստացել և արդյունքում միանգամայն  հաճելի կոմեդիա է ստացվել: Այս պատկերներին նայելով` մտքիս հայազգի նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն եկավ: Նա անցել էր սովետական շրջանի ֆիլմերի խիստ քննության, քսան տարվա բանտարկության և աշխատանքային գաղութի միջով և մահացել 1990 թվականին: Նրա ամենահայտնի ֆիլմերը «Սայաթ-Նովան» և «Մոռացված նախնիների ստվերներն» են:  Իսկ Լերմոնտովի մի ստեղծագորության սյուժեով «Աշըք Քերիբ» ֆիլմը 1989 թվականին Ստամբուլի ֆիլմերի փառատոնում ժյուրիի հատուկ մրցանակին է արժանացել:

Այնուհետև թանգարաններից հագեցած տուն եմ դառնում: Այդ պահին եմ հասկանում, որ Փարաջանովը խորը արվեստագետ է եղել. դա երևում էր ծանր և միստիկական քրիստոնեական սիմվոլիզմով հագեցված ֆիլմերում ինքնուրույն ձևավորած զգեստներից:  Սակայն ինձ հատկապես հիացրեցին նրա կոլաժները:

Վերադարձի ճանապարհին երջանիկ պատահականությամբ Փայտարվեստի թանգարանն է պատահում: Անհնարին է չգնահատելը Ուրարտական ժամանակաշրջանից մինչ օրս փայտյա վարպետությունը զարգացրած, և այս ավանդույթները պահպանած մարդկանց:

***

Հայերը, շախմատն ընդունում են համարյա որպես ազգային մարզաձև. այս ոլորտում միշտ մեծ հաջողությունների են հասել և սա մեծ ազգային հպարտության աղբյուր է: Գարրի Կասպարովի, Լևոն Արոնյանի և Տիգրան Պետրոսյանի նման շախմատիստներ տված պետության Շախմատի ֆեդերացիայի նախագահը միևնույն ժամանակ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է:

Շախմատի դպրոցից ոչ շատ հեռու մի շուկա կա: Այստեղ հիմնականում շաբաթվա վերջում է առևտուրն ակտիվանում: «Հրանտ Դինք» հիմնադրամից Աննան, ինձ հետ որպես օգնական իր ընկեր Գագիկին է ուղարկում: Ես նպատակ ունեի թզբեհների (համրիչ, տերողորմյա) հետ կապված ուսումնասիրություն անել:  Զբոսնելով սկսում եմ վաճառողների հետ զրուցել: Նրանցից մեկն իմանալով, որ Թուրքիայից եմ եկել, շատ հին դրամներ է ցույց տալիս:  Չնայած որ չեմ սիրում պատմություն կարդալ, նումիզմատիկ արժեք ունեցող դրամները տարբերում եմ, առհասարակ, փողն ինձ համար ոչ այլ ինչ է, քան վրան թվեր նշած թղթե կամ մետաղի կտոր, սակայն այդ մարդու ցույց տված հին դրամներն այդ պահին իսկապես գրավեցին իմ ուշադրությունը. սելջուկյան, մենգուչեքօղլյան, սեֆյան շրջաններից մնացած փողեր էին:

Քիչ անց հասկանում եմ, որ շուկայում այս գործը շատ լուրջ մակարդակի վրա է ընթանում: Մարդիկ խոշորացույցերով գումարներն են ուսումնասիրում, և վաճառողների հետ ինտելեկտուալ քննարկման բռնվում:

Մեկ այլ վաճառող, երբ լսեց, որ Թուրքիայից եմ եկել ինձ մի խուրձ մանր լիրա բերեց և ասաց, որ դրանք ոչ-ոք չի փոխանակում: Նրան ասացի, որ կարող եմ վերցնել, կոպիտ հաշվարկ արեցի և ներկայացրեցի ստացված գումարի չափը: Այդ մարդն էլ, չգիտես ինչու չվստահելով` սեփական հաշվարկն արեց, և իհարկե, հասկանալով, որ իմ ասած գումարից պակաս է ստացվել, համաձայնեց իմ առաջարկին, սակայն ինքն իրեն այդ պահին վատ զգաց երևի, և գնածս մի քանի սովետական ապրանքների համար անմիջապես զեղչեր արեց:

Շուկայում այնքան շատ ապրանքներ կային, որ կողմ նայում էինք՝ շփոթվում էինք: Գրքավաճառների մոտով անցնելիս մի տարեց պարոն ձեռքս սեղմելով ասաց. «Հայերն էլ են թուրքերին շատ վնասել»: Հասկանում եմ, որ այս վշտալի արտահայտությամբ ուղղակի փորձում էր հյուրընկալաբար ինձ ջերմ բարի գալուստ ասել, որպեսզի նույն տարածաշրջանի մարդ լինելով հանդերձ՝ ինձ շատ օտար չզգամ: «Այն, թե հիմնական ցավը ով է ում տվել՝ ես շատ լավ գիտեմ» պատասխանում եմ և ամենայն ազնվությամբ սեղմում նրա ձեռքը: Սկզբից զարմացավ, սակայն հետո նկատեցի, որ ավելի ջերմաբար սկսեց վերաբերվել:

Թզբեհի տարեց և փորձառու մասնագետ չգտա, սակայն նկատեցի, որ այս գործիքը սկսել է ավելի մեծ կիրառություն ստանալ բանտարկյալների և մաֆիոզների նման անձանց շրջանակներում:

Արդյունքում՝ հին մշակույթները այսպես են ապրում՝ զարգանալով և փոփոխվելով:

***

Հայաստանում ծանոթացա նաև տարիներով Հունաստանում ապրած և այժմ Հայաստան այցելած Լիլիթի հետ: Հավանաբար այն պատճառով, որ երկուսս էլ նույն խելքի էինք, կարճ ժամակում ընկերացանք: Նա ինձ տեղեկություններ հաղորդեց այդ օրերին Հայաստանում նշվող սիրահարների օրը համարվող Սուրբ Սարգսի տոնի մասին.

Ամուսնանալ ցանկացող աղջիկները պատուհանագոգի արտաքին մասում մի ափսե ալյուր են դնում: Եթե առավոտյան ալյուրի վրա պայտի հետք է լինում, ապա Սուրբ Սարգիսը այցելել է նրան և մեկ տարվա ընթացքում այդ աղջիկը կգտնի իր ապագա ամուսնուն:

Երեկոյան Լիլիթն ինձ ուղեկցեց ջազ ակումբներ և ծանոթացրեց հայ ջազային արվեստի պատմությանը, ինչը Հայաստանում բավականին խորը արմատներ ունի: Հայերը, սովետական ժամանկաշրջանում բացահայտված այս նոր երաժշտական ուղղությունից շատ լավ էին հասկանում, և մեզ նման ցուցադրական բաներ սիրելով, այս մասին ոչ-ոքի չէին տեղեկացրել: Պոլիտբյուրոյի աշխատակիցների այցելության ընթացքում ջազային համերգով են հանդես գալիս և բոլորին ապշեցնում. դա աշխարհի վերջն էր: Ինչպես ընդունված է համարել ամերիկյան ծագում ունեցող այդ երաժշտական ոճը սովետական սոցիալիստական պետության կողմից անմիջապես արգելվում է, և այս երաժշտությունը կատարողները սկսում են հետապնդվել: Սրանից հետո էլ ղեկավարության կողմից արգելված ամեն թեմայի նման ջազն էլ Հայաստանում  անցնում է ընդհատակ, սակայն շարունակում է ապրել ողջ թափով:

Լիլիթը ևս մեկ շատ հետաքրքիր բան է պատմում: Հայաստանում նարդու հաշվվման թվերը համանման են մեր կիրառածին:  Նախկինում երբեք չէի մտածել, սակայն օրինակ մենք ասում ենք «Շեշ-բեշ», սակայն ոչ «Շեշ-շեշ»: Կամ էլ ասում ենք «Սե-եք», սակայն ոչ «Ուչ-եք»: Միթե այս կես-պարսկերեն կես-թուրքերեն թվերի կիրառումը տարիներով պարսիկների հետ կողք-կողքի ապրած սելջուկներից է եկել: Հունաստանում էլ նմանատիպ հիբրիդային հաշվում կա, սակայն մեր ու հայերի կիրառածի նման չէ: Եթե պարզվի, որ Իրանում էլ նմանատիպ է, դա կդառնա նոր և հետաքրքիր զրույցի թեմա: [5]

Երևանում գտնվող ջազ ակումբներից ամենահինը Մալխասն է: Այս ակումբի առանձնահատկությունն այն է, որ գիշերը տասներկուսն անց ելույթ է ունենում հիանալի դաշնակահար, ով միևնույն ժամանակ ակումբի տերն է: Հայկական կոնյակի զուգոդությամբ ջազ եմ վայելում: Մեր երկրում ջազի ընկերակցությամբ կոնյա՞կ ըմպել, ոչ մի նման բան:

«Հայկական կոնյակ, հավանայի սիգար և ոչ սպորտային կյանք, սա է երկար տարիների գաղտնիքը»

Այն, թե Չերչիլից մեջբերված այս միտքն ինչքանով է գործում, չգիտեմ, սակայն մի իրական պատմություն կա այն մասին, որ Յալթայի կոնֆերանսի ընթացքում Ստալինը իր հետ Արարատ կոնյակ էր տարել և Չերչիլին արբեցրել էր, ինչից հետո վերջինս խնդրել էր, որպեսզի Ստալինը, վերադառնալուն պես իրեն ևս մի քանի շիշ ուղարկի: Այսպես, պարոն Ստալինը, մինչև վախճանը ամեն տարի մինչև 300 շիշ Արարատ Դվին էր ուղարկում Չերչիլին:

Վերջին տարիներին ֆրանսիացիների կողմից գնված ԱՐԱՐԱՏ գործարանը Հայաստանում գտնվող կոնյակ արտադրողներից ամենահայտնին է: Ամեն տարի մոտավորոպես յոթ ու կես միլիոն շիշ արտադրող գործարանը, այս արտադրության իննսուն երկու տոկոսը արտահանում է: Իհարկե, ամենակարևոր գնորդը Ռուսաստանն է:

1887 թվականին որպես անհատական արտադրություն կառուցված գործարանը հետագայում` Սովետական Միության տարիներին պետականացվում է և կարճ ժամանակահատվածում հայկական կոնյակը հայտնի է դառնում երկաթյա վարագույրից ներս եղած երկրներում: Քանի որ կոնյակ անվանումը ֆրանսիական մենաշնորհ էր, այս անվան կիրառումից անհանգստացած ֆրանսիացիները սրա մասին հիշեցնում են Սովետական Միությանը, սակայն իհարկե ուշադրության անգամ չեն արժանանում: Արարատն այժմ ֆրանսիացիների ղեկավարության ներքո է, և կոչվում է Արարատի գինու (բրենդի) գործարան, սակայն սա չի խանգարում, որպեսզի ամբողջ Ռուսաստանում և մի շարք նախկին միութենական երկրներում շարունակում է հայտնի մնալ որպես կոնյակի գործարան:

Այս ընթացքում Չերչիլի կամ Ստալինի համար կոնյակ ուղարկելու ավանդույթը շարունակվում է նաև Ելցինի, Պուտինի նման առաջնորդների դեպքում. Նրանցից բոլորն անհատական տակառներ ունեն: Մի տակառ էլ Արցախյան հակամարտության հարցի լուծման առիթը նշելու համար են պահում: Շատ նրբանկատ միտք է:

Այցելեցի գործարան: Ինձ ուղեկցող Անին, կոնյակի արտադրության հետ կապված շատ նշանավոր տեղեկություններ հաղորդեց և ներկայացրեց կոնյակը փորձելու հմտությունները: Ինձ համար ամենահետաքրքիրը բաժակները իրար զարկելու արարողությունն է: Բաժակը պետք է բռնել բռնակից և պահել ձախ ձեռքում, որպեսզի սրտին մոտիկ լինի: «Կենաց» ասելով իրար զարկելիս, բաժակների վերևի հառվածում նստած չարքերը ցած են ընկնում:  Եթե չարքը խմիչքի մեջ ընկնի, շատ արագ կարբեք, իսկ եթե դուրս ընկնի՝ ոչ մի խնդիր:

Մեր երկրում, արդեն երկու տարուց ավել է, ինչ «կոնյակ» բառն արգելվել է Ծխախոտի և ալկոհոլի վերահսկման խորհրդի կողմից:  Այսպիսով` սա կարող է դիտարկվել որպես  կրոնամետ կառավարության կողմից մեր կենցաղին խառնվելու ևս մեկ միջոց: Մի որոշ ժամանակ առաջ Արարատը մեր երկիր ներմուծելու մասին էր խոսվում, սակայն անվան պատճառով անչափ զգայուն ֆաշիստական հայացքներով լեցուն հանճարեղ կոչով Անունը փոխեցեք, գնենք») այս հարցին վերջ տվին:                                   

***

Վերադարձիցս երկու օր առաջ Ալեքսանդրը ինձ քաղաքից դուրս գտնվող հելլենիստական տաճար տարավ: Այժմ Հայաստանում եզդիական, մալականների, քրդերի, պարսիկների և այլ էթնիկ և կրոնական խմբերի կողքին նաև շատ սակավաթիվ հեթանոսներ կան: Այնպես է, որ հեթանոսները, հարսանիքների, կամ իրենց համար նշանավոր այլ օրերին գալիս են այս տաճար և ծիսակատարություններ անում:

Տաճարի տեսքը ձյունածածկ շրջակայքով շատ տպավորիչ էր:

Մեկ օր անց էլ Այքանի և Նիկոլայի հետ (ով չէր կարողացել ինձ դիմավորել օդանավակայանում) մեկնեցինք Սևանա լճի և դրա հարակից տարածքներով շրջելու: Որոշ եկեղեցիներ այցելեցինք, սակայն ամենակարևոր երևույթը Նորադուզի գերեզմանատունն էր, որի շրջակայքը բնակված է եղել մինչև Բրոնզե դար ձգվող ժամանակներում, գերեզմանատունն էլ հազար տարուց ավելի է, ինչ կիրառվում է և այստեղ ամեն հնամենի գերեզմանաքար տեսնելիս՝ այն ուսումնասիրելու առիթը բաց չէինք թողնում:  Մշակութային շարունակականության հետքերը գերեզմանաքարի միջոցով շարունակելն էլ կյանքի հետաքրքիր կողմն է:

Այքանն էլ Երևանի հետ կապված մի հետաքրքիր բան պատմեց: Սառը պատերազմի շրջանում քաղաքը լի էր գործակալներով և լրտեսներով: Կոպիտ ենթադրություն ենք անում, որ ամենայն հավանականությամբ պատճառը ամերիկյան և ևրոպական սփյուռքից եկող-գնացողների մեծ թիվն էր, քանի որ նրանց մեջ գործակալներ էլ կարող էին լինել, և այս մտահոգության հետ կապված տարածքը ռազմավարակն նշանակություն էր ձեռք բերում: Արդյունքում` նախաճաշին կոնյակ խմելը միտք բացող հանտնագործություն դարձավ:

***

Մի երեկո տան հարևանությամբ գտնվող «Չէ» բարը այցելեցի, ողջունեցի և նստեցի: Բարի հետևում կանգնած էր տարածքի տերը, ձախ կողմս մի տղամարդ էր, աջ կողմում էլ երկու կին և մի երիտասարդ աղջիկ:  Կոնյակ եմ պատվիրում, մոտս եղած սիգարներից եմ հյուրասիրում: Իմ խոսելուց և անմիտ տեսքիցս չհասկացան որտեղից եմ և չդիմանալով հարցրեցին: Ասացի «Թուրք եմ»:

15 վայրկյան լռություն էր:

Լռությունը ճեղքում է «Ստամբուլցի՞ եք» հարցը:  Պատասխանում եմ, որ Անկարայից եմ, զրուցակիցս էլ փորձում է զրույցը շարունակել: Շատ չանցած հնչում է դասական հարցը, պատասխանում եմ «Անշուշտ, և այն էլ շատ համակարգված եղանակով է անցկացվել»:

Ծանոթացանք` փորձելով հպարտ երևալ անունս եմ ասում (Անին գրաված թուրք առաջնորդի անվանը համանման է):

«Վայ, դա աջուձախ մի ասա» զգուշացնում են, ծիծաղում ենք:  Նրանք էլ, ձյան հատիկի նշանակությունն ունեցող Փաթիլը, ծովի աստվածուհի Ծովինարը, Ախթամար կղզուն անուն տված Թամարան և թագավորների հետ անվանակից Տիգրանը և Շահանն էին: Շահանի անվան արաբական հնչողությունը մատնում է նրա լիբանանահայ լինելու փաստը. նա կնոջ և դստեր հետ աշխատացնում է այս տարածքը: Դուստրն էլ բավականաչափ տեղեկացված լինելով` ինձ մի շարք հարցեր է տալիս: Շահանից երևում էր, որ չի հավանում դա և նաև այն, որ կինը թուրքական սերիալներ է նայում:

Զրույցի ընթացքում հերթական հարցն է հետևում. «Ի՞նչ եք կարծում Հրանտ Դինքի սպանության հարցը կլուծվի՞», «Ցավոք, այդպես չեմ կարծում» պատասխանում եմ, «Հրանտ Դինքը, բացի հայ լինելուց, նաև սոցիալիստ էր»: Խոսում եմ, որ քեմալական մարդասպանի դատավարությունն այնքան են երկարաձգել ու դեռ ձգձգելու, որ արդյունքում ժամանակի հետ թեման մոռացվի և փակվի: [7].

 

Խոսքս շարունակելով` անցնում եմ հայ և միաժամանակ հեղափոխական լինելու համար Դիարբեքիրի բանտում անմարդկային տանջանքների ենթարկված Գարաբեդ Դեմիրչիօղլուին:[8] Կամ էլ միայն հայ լինելու պատճառով սեպտեմբերի 12-ին մահապատժի ենթարկված Լևոն էքմեքչյանից, ով Մարկսիստ-լենինիստական Ասալա կազմակերպության կենդանի բռնված միակ անդամն էր և թե այս պատճառով ինչ տեսակի կտտանքների է ենթարկվել, անգամ երևակայությունից դուրս է: [9].

Թեման փոխելու համար համրիչներից (տերողորմյա, թզբեհ) եմ խոսք բացում: Հայերը դրան թզբեհ և հաշվիչ իմաստը կրող համրիչ են ասում: Այս ժամանակ Շահանը իր մի բարեկամի հին պատմություններից է պատմում: Դեպքը տեղի է ունեցել 1960ական թվականներին Ստամբուլի մի սրճարանում: Անկյունում տարեց մեկը նստած թզբեհ էր քաշում: Շահանի բարեկամին թզբեհի մասնիկները տարօրինակ են թվացել և հարցրել է, թե ինչից են: Այդ մարդն էլ պատասխանել է, որ դրանք իր սպանած հայ կանանց կրծքապտուկներն են:

Քարանում եմ` Հիմա ինձ այս ողբերգական պատմությունը պատմելու ժամանա՞կն էր: Հետո, փորձում եմ նրա մտածելակերպը հասկանալ: Դիմացիս մարդը փոքր ժամանակից սկսած նման պատմություններ լսելով է մեծացել և իհարկե սրանք էլ ու՞մ պետք է պատմել, ու՞մ հետ կիսվեր: Կարճ ասած` որ ինձ չպատմի, բա էլ ու՞մ:

Ինչևէ, աշխարհի բոլոր հայերը՝ ցեղասպանության հետ կապված սրա նման շատ ավելի սարսափելի և շատ ավելի ողբերգական պատմություններ ունեն: Մյուս կողմից էլ մտածում եմ իմ այն հայրենակիցների մասին, ովքեր այնքան խելապակաս են, որ կարծում են, թե միլիոնավոր մարդիկ իրենց ստերով լեցուն պատմությունները միմյանց հետ համաձայնեցնելով՝ դրանք փոխանցել են իրենց սերունդներին:

«Ցեղասպանություն» բառը լսելիս նրանց տված հիմնական պատասխանները ի մի եմ բերել:

Եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին: Այսինքն, ուզում են ասել, որ ես  կարդալու, հետազոտելու, մտածելու և ուսումնասիրելու ունակություններից զուրկ եմ: Կամ էլ ինչպես կասեր մեր երկրի ընտրյալ համալսարաններից մեկի` Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի հասարակագիտական ուղղվածությամբ շրջանավարտ մի ընկերս. «Հնարավոր է և եղել է, սակայն ես դրան հավատալ չեմ ուզում»:  Իսկապես` այս պատասխանն ինձ համար անչափ հետաքրքիր է և մի այդքան էլ վախենալու: Համ էլ ինչ պատմություն, պատմաբան, արխիվներից վերցված փաստաթղթեր: Այդ արխիվներ բաց չեն, նման բան չկա:

Նրանք են մեզ ցեղասպանել: Իհարկե, այդ ժամանակներում չէ՞ որ հայերը պետականություն և բանակ ունեին: Ցեղասպանության ամենահիմնական ձևակերպումներից մեկն էլ հետևյալն է «խմբի ամբողջական կամ մի մասին հասցված ֆիզիկական ոչնչացումը կամ նախամտածված վերացվելը»:  Սիրիական անապատները քշված միլիոնավոր մարդկանց մասին խոսելիս ինչ-որ ծանոթ չի՞ թվում: Իսկ այն, թե այդ ճանապարհին նրանց գլխին ինչեր են եկել, դրա մասին էլ չեմ խոսում:

Նրանք մեզ մեջքից էին հարվածում: Մենք, հավանաբար որպես Թուրքիայի Հանրապետության, և ինչու ոչ նաև Օսմանյան կայսրության քաղաքացիներ, ջատագովն ենք իշխող ֆաշիստական Իթթիհաթ և Թերաքքի կուսակցության գործունեությանը, որով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին փորձ էր արվում ստորացնել օսմանցուն, այդպես չէ՞: Այլապես կարելի՞ էր նպատակ դնել ոչնչացնել բոլոր հայերին միայն Արևելյան Անատոիայում
(Արևտյան Հայաստան) երեք-չորս հազարանող հայկական խմբերի ընդվզումները ճնշելու համար: Նման հիմարություն ընդունելը տրամաբանության մեջ տեղավորվու՞մ է:

Չանաքքալեի ճակատամարտը փորձ է արվում ներկայացվել որպես Քեմալական պատերազմի մի մասը, սակայն դրա հետ առնչություն չունի: Ինչևէ` այս ճակատամարտում Նուսրեթ նավի հետ միասին մեծ էր նաև Էրթողրուլ անվամբ ինքնաթիռի դերը, որը անգլիացիների կողմից նեղուցի ականազերծումից հետո մեկ գիշերվա ընթացքում կարողացավ նուսրեթ նավի հետ վերաականապատել նեղուցը: Ինքնաթիռի անձնակազմն էլ Ջեմալ Դուրուսոյն ու ազգությամբ հայ Վահրամ բեյն էին:[10] Եվ իհարկե մեր պատմության մեջ քաղակական պատճառներով չի խոսվում ոչ հինգերորդ բանակի հրամանատար Մուստաֆա Քեմալի վերադաս, գերմանացի գեներալ Լիման վոն Սանդերսից և ոչ էլ Չանաքքալեում զոհված հույներից և հայերից:

(Տարիներով մարտի 18-ին նշվող հիշատակի արարողությունը ապրիլի 24-ին տեղափոխելը ամենաքիչը միջոց էր, որով պետությունը արտահայտեց, որ երբեք չի ճանարելու ցեղասպանությունը:  Սա էլ հարված էր Հայաստանում առկա հնարավոր ակնկալիքներին: Չնայած որ ժամանակի աջ ծայրահեղական «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Թուրքեշն անգամ Հայաստանի հետ հարաբերությունները հարթելու համար որոշ ջանքեր է գործադրել, [12]  այժմյան իշխանության աբսուրդային արտաքին քաղաքականությունը իսկապես անտրամաբանական է:

***

Անհայտ մեկ այլ կարևոր թեմա էլ կա այն մասին որ այն ժամանակներում գտնվեցին ոճիրի դեմ դուրս եկած մի շարք պաշտոնյաներ, ինչպես Քոնյայի վալի Ջելալ բեյը, Անկարայի վալի Հասան Մահզար բեյը, Քաստամոնի վալի Ռեշիդ փաշան, Բասրայի վալի Ֆերիթ բեյը, Յոզգաթի նահանգապետ Ջեմալ բեյը,  Լիջեի / Դիարբեքիր ղեկավար Հուսեյն Նոսիմի բեյը, Բաթմանի Սաբիթ բեյը և այլք:  Այս մարդիկ հետագայում «Իթիհաթ վե թերաքքիի» կողմից պաշտոնանկ արվեցին, հեռացվեցին և անգամ ողբերգական վախճան ունեցան:

Որպես օրինակ` այն ժամանակներում երեսուն հազարանոց Անկարայում, որտեղ բնակչության մեկ երրորդը հայեր էին, Հասան Մազհար բեյը, տեղեկանալով սպանդի հրամանի մասին, ընդդիմացել և ասել «Ես վալի եմ, և ոչ ավազակ: Այս բանը չեմ անի, թող մեկը գա իմ փոխարեն և նա էլ անի», այս դեպքից հետո նա պաշտոնանկ է արվել, իսկ Մուդրոսի զինադադարից հետո որպես փորձագետ աշխատել է հայերի ապրած մեծ ողբերգությունը ուսումնասիրելու համար կազմակերպված կոմիտեի կազմում: Հասան Մազհար բեյին այժմ պարտք ենք թեմայի շրջանակներում ունեցած մեր տեղեկատվության զգալի մասով:  [14]

Ահա այսքանն էին ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առթիվ այցելությանս ընթացքում եղած իրադարձությունները:

Այսպիսով` մյուս խնդիրների հետ մեկտեղ, ինձ հուզող հիմնական հարցը հետևյալն է.

Նման մի իրողություն եթե կրկնվի, Ձեզ Մազհար բեյի նման պատվախնդիր կերպով կդրսևորեք և տարիներով նույն տարածքում ապրած մարդկանց ձեր կյանքի գնով կպահպանե՞ք, թե լրիվ հակառակը կանեք:

Այս հարցին ձեր տված պատասխանը հստակ կբնութագրի Ձեր և ձեր խղճի միչև եղած հեռավորությունը:

 

———————————————————————————————-

[1] http://news.am/tur/news/118678.html

[2] http://arsiv.taraf.com.tr/yazilar/ayse-hur/ermeni-mallarini-kimler-aldi/370/

[3] http://www.agos.com.tr/tr/yazi/11167/yerevanin-goz-nuru

[4] http://www.imdb.com/title/tt0060584/?ref_=fn_al_tt_3

[5]http://tr.wiktionary.org/wiki/VikiDa%C4%9Farc%C4%B1k:Tavla_say%C4%B1lar%C4%B1n%C4%B1n_zarlar%C4%B1n%C4%B1n_Fars%C3%A7a_isimleri

[7]http://bianet.org/bianet/ifade-ozgurlugu/126355-devlet-kemal-turkler-in-katillerini-30-yilda-cezalandirmayi-beceremedi

[8]http://ermenistan.de/funda-tosun-yazi-ermeni-devrimci-demircioglundan-diyarbakir-cezaevi/

[9]http://blog.radikal.com.tr/turkiye-gundemi/sol-ici-bir-yuzlesme-levon-ekmekciyan-idami-70195

[10] Sunay Akın, 18 Mart 2015 tarihli Cumhuriyet Gazetesi

[11] http://t24.com.tr/haber/sarkisyandan-erdogana-davet-yaniti-bizde-kendi-davetine-yanit-almadan-misafir-olmak-adet-degildir,284020

[12] http://candundar.com.tr/_v3/index.php#!#Did=2619

[13] http://www.suryaniler.com/forum.asp?fislem=cevaplar&kategoriid=4&ustid=1488

[14] http://www.yeniaktuel.com.tr/tur101-2,152@2100.html